31 հուլիսի 2012 - 15:06 AMT
15 օրից կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցումը

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքները կսկսվեն օգոստոսի 15-ին: Առաջիկա օրերին «Կանակա» ընկերությունը կսկսի շինարարական աշխատանքների նախապատրաստումը: Նախատեսվում է, որ կառույցը պատրաստ կլինի 2013թ. հուլիսին:

Դպրոցի վերակառուցման ծրագիրն իրականացվում է Mediamax-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և ավստրալիական Do Something կազմակերպության աջակցությամբ: Դպրոցն ավերվել է 1988 թ-ին երկրաշարժի ժամանակ, և մինչ օրս դպրոցի աշակերտները սովորում են տնակներում:

23 տարի առաջ սկսվեց Rock aid Armenia (Ռոքն օգնում է Հայաստանին) նախագիծը: Այդ նախագծի կազմակերպիչը Ջոն Դին է: 1989թ. նա նկարահանումներ անցկացնելու համար այցելեց Սպիտակ և Լենինական (Գյումրի): Վերադառնալով Լոնդոն` Ջոն Դին որոշեց միավորել ռոք-աստղերին և հատուկ ձայնասկավառակ ձայնագրել, որից ստացված ընդհանուր հասույթը պետք է փոխանցվեր աղետի գոտուն: Rock aid Armenia նախագծի շրջանակներում բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple խմբի Smoke on the water երգը, որին մասնակցում էին Queen, Pink Floyd, The Who, Black Sabbath, Iron Maiden և այլ խմբերի երաժիշտներ: Նրանք թողարկեցին Rock aid Armenia ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված միջոցները ուղարկվեցին Հայաստան 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:

2009 թ-ին որոշվեց իրականացնել Armenia Grateful 2 Rock/ Rock Aid Armenia նախագիծը, որի հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

Հայաստան կատարած այցի ժամանակ Գիլանը, Այոմին, Դաունսն ու Դին այցելեցին վերը նշված դպրոց, և ծանոթացան դպրոցի պայմաններին: Նրանք որոշեցին օգնել դպրոցի սաներին: Գիլանի երևանյան համերգից ստացած հասույթը` 45.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվեց դպրոցի վերակառուցման հաշվեհամարին: 2 տարվա ընթացքում հավաքագրվեց 110.000 գումար, որը եռապատկվեց Մարդիգյան ընտանիքի կողմից: ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է նաև 10 մլն դրամ:

WhoCares հարդ ռոք խումբը ձևավորվել է 2011 թ-ին, Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի նախաձեռնությամբ, որոնք իրենց շուրջ համախմբեցին բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածահար Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին: WhoCares խմբի ձայնասկավառակից ստացած ողջ հասույթը նույնպես ուղղված է այդ աշխատանքներին: