1 օգոստոսի 2012 - 13:43 AMT
Օ.Սմիռնով. Համաշխարհային հանրության մի մասը հասկանում է, որ ԼՂՀ անետսումը հեռանկար չունի

Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ցույց տվեցին ոչ միայն չճանաչված հանրապետության պետական ինստիտուտների զարգացման աստիճանը, այլ նաև Ստեփանակերտի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին: Այդ մասին Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիռնովը:

«Քաղաքական մեկուսացման և տնտեսական շրջափակման պայմաններում ԼՂՀ ղեկավարությունը ունակ եղավ անցկացնել միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ»:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները՝ Լեռնային Ղարաբաղի համար դժվար է ստանալ Արևմուտքի միանշանակ աջակցությունը: Փոխարենը, մեծաքանակ օտարերկրացի դիտորդների մասնակցությունը վկայում է, որ համաշխարհային հանրության մի մասը հասկանում է, որ ԼՂՀ անտեսումը որպես ինքնուրույն պետություն անհեռանկարային է:

Ընտրությունները ԼՂՀ-ում, այս դեպքում նախագահ Բակո Սահակյանի վերընտրությունը, անցնում են օրինական ճանապարհով և բնակչության ազատ կամարտահայտման պայմաններում: Քաղաքական ինքնագիտակցության աճը ղարաբաղյան հանրության շրջանում կնպաստի ԼՂՀ ճանաչմանը միջազգային ասպարեզում, վստահ է ուկրաինացի փորձագետը: «Դրա վկայությունն է մի շարք եվրոպական երկրների, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի արձագանքը, որոնք հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունները՝ հասկանալով սակայն դրանց նշանակությունը»,-հայտարարել է Սմիռնովը: