4 դեկտեմբերի 2004 - 20:34 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ
«Ադրբեջանի տարածքները ազատելու» համար, կա միայն մեկ լուծում` պատերազմ, հայտարարել է Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահ Հաջիաաղա Նուրիեւը «Կովկասյան հանգույցի» թղթակցի հետ զրույցում: Իսլամիստների առաջնորդը նաեւ քննադատաբար է արտահայտվել Ադրբեջանի հենդեպ ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ: Նրա խոսքերով, պաշտոնական Վաշինգտոնը Ադրբեջանի հետ երկակի քաղաքականություն է վարում: «ԱՄՆ-ն ոչ միայն մեծ չափի ֆինանսական օգնություն է ցույց տալիս Հայաստանին, այլ նաեւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի «անջատողականներին»: Դա պաշտոնական Վաշինգտոնի երկակի քաղաքականության ցուցանիշ է»: Կուսակցության նախագահը, անդրադառնալով խաղաղ բանակցությունների հարցին, նշել է, որ այդ բանակցությունները լուրջ արդյունք չեն տա:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս նկատվում է պաշտոնական Բաքվի մերձեցումը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության հետ, իսկ Բաքվում այս օրերին անցնում է իսլամական երիտասարդական համաժողով: Ադրբեջանում գործում է իսլամիստների երկու խումբ: Առաջինը, որը ներկայացված է Իսլամական կուսակցությամբ, հակված է Ադրբեջանի համար ավանդական իսլամի շիական ուղղությանը: Սակայն երիտասարդության շրջանում ավելի մեծ տարածում ունի վահաբիտական իսլամը, որի կենտրոնը Բաքվի Աբու Բաքր մեջիթն է: Արեւմտամետ ընդդիմության տապալումից հետո, իսլամիստները, շատ քաղաքագետների կարծիքով, կարող են մի քանի տարի անց իրական քաղաքական ուժ դառնալ Ադրբեջանում: