7 դեկտեմբերի 2004 - 22:13 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԱՄԵՆԱԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՅԼԵՐԻՆ
«Վրաստանում բնակվող ադրբեջանցիները կարող է դիմել ամենածայրահեղ քայլերին` ընդհուպ մինչեւ իրենց բնակավայրերը ինքնավար հայտարարելը, եթե Վրաստանի իշխանությունները չդադարեն իրենց խտրականություններն ադրբեջանցիների նկատմամբ», հայտարարել է Զումրուդ Ղուրբանովը` Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին ներկայացնող «Հեյրաթ» հասարակական կազմակերպության նախագահը: Այս մասին տեղեկացնում է Day.az-ը` վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը: Ղուրբանովը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր է Է.Շեւարդնաձեի կուսակցության կողմից: Հիշեցնենք, որ օրերս Քուլա գյուղի մոտ 65-ամյա ադրբեջանուհին վախճանվել է հիվանդանոցում հրազենային վերքերից, իսկ չորս ադրբեջանցիներ ծանր վիրավորվել են զինված միջադեպի արդյունքում: Ղուրբանովի խոսքերով` «միջադեպը Քուլա գյուղում տեղի է ունեցել ոստիկանության աչքի առաջ, որը ոչինչ չի ձեռնարկել»: Ադրբեջանցիները ստվար բնակվում են Վրաստանի Հարավ-արեւելյան մասում, որը հայտնի էորպես Քվեմո Քարթլի: Նրանք համարվում են Բորչալու թյուրքալեզու ցեղերի հետնորդները, որոնք այդ տարածաշրջանում բնակեցվել են Իրանի շահ Աբասի կողմից` տարածաշրջանից վրացիների եւ հայերի զանգվածային վտարումից հետո: Ադրբեջանցիները, որոնց վրացիները ավանդաբար անվանում են «թաթարներ», որպես ազգային փոքրամասնություն իրենց թվաքանակով այսօր երկրորդն են Վրաստանում: Նրանց մեծ մասը չի տիրապետում վրացերենին եւ թույլ ինտեգրված է վրաց համայնքում: Բացառված չէ իսլամիստական տրամադրությունները նրանց շրջանում: