2 օգոստոսի 2012 - 15:05 AMT
Մեկ միլիոն դոլարից հրաժարված մաթեմատիկոս Պերելմանը որոշել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմում

Հայտնի ռուսաստանցի գիտնական Գրիգորի Պերելմանը, որը հրաժարվեց Պուանկառեի հիպոթեզի բացահայտման համար իրեն հասանելիք 1 մլն դոլարից, որոշել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմում: Մեկուսի կյանք վարող մաթեմատիկոսը կմասնակցի իր մասին պատմող ֆիլմի նկարահանումներին, հայտնում է rbcdaily.ru-ն: Ֆիլմի պրոդյուսերը կարող է լինել Ջեյմս Քեմերոնը:

«Ես երեք տարի եմ ծախսել Պերելմանի հետ պաշտոնական պայմանագիր կնքելու համար»,-«Կոմսոմոլսկայա պրավդային» է պատմել իսլայելցի կինոպրոդյուսեր Ալեքսանդր Զաբրովսկին: Ըստ նրա, նրան այդ առաջարկով դիմել է Քեմերոնը: Նկարահանումները, քասթինգը կանցնեն ԱՄՆ-ում: Ֆիլմի պայմանական անվանումն է «Տիեզերքի բանաձևը»: Ինչպես խոստովանել է պրոդյուսերը, Պերելմանին դուր է եկել, որ Զաբրովսկին խոստացել է չշեշտադրել բոլորին այդքան հետաքրքրող և նրան նյարդայնացնող հարցը՝ ինչո՞ւ նա հրաժարվեց միլիոնից:

«Նա ծանր բնավորություն ունի, սակայն, ամենևին էլ խենթ չէ, ինչպես պատկերացնում են շատերը: Կյանքում նա միանգամայն սթափ մտածող, նպատակասլաց, հումորով մարդ է»,-ասել է Զաբրովսկին: Ըստ նրա, Պերելմանը, կհայտնվի որոշ տեսարաններում, իսկ նրա դերը կխաղա դերասանը:

2010թ. Պերելմանը հրաժարվեց 1 մլն դոլար մրցանակից: Նա ասաց. «Ես գիտեմ, ինչպես կառավարել Տիեզերքը, ինչո՞ւ պիտի վազեմ միլիոնի ետևից»: Պերելմանը, որն արդեն «այժմ ապրող 100 հանճարների թվում է, նաև ՌԳԱ անդամության թեկնածու է: