3 օգոստոսի 2012 - 14:43 AMT
Ակտիվիստներ. Վահե Ավետյանի գործի քննությունը միտումնավոր ձգձգվում է

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Արդար քննության պարագայում Հարսնաքարի գործում արդեն պետք է տրված լինեին հիմնական հարցերի պատասխանները: Մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկ ու կես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որեւէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել Հարսնաքարում եւ ովքեր են մեղավորները:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարություն են տարածել, որ ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը:

Ուշագրավ է նաև, «Մարտի 1-ի» մինչ օրս չբացահայտված գործում հմտացած ոստիկանության աշխատակցին `Վահագն Հարությունյանին գործի քննությունը հանձնելը: Վերջին հանգամանքը, ինչպես նաև մինչ Վահե Ավետյանի մահվան արձանագրումը ներկայացված մեղադրանքը նրա մահվանից հետո վերավորակելիս ակնհայտորեն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը որպես այդպիսին որակելուց խուսափելը ծանրակշիռ հիմքեր է տալիս ենթադրելու, որ փորձ է արվում այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց:

Մյուս կողմից այս երևույթը վկայում է այն մասին, որ ռեժիմը չի կարողանում իր համար վստահելի և հուսալի կադրեր գտնել ոստիականական համակարգում, հակառակ դեպքում ստիպված չէր լինի նման վարկաբեկված անձի հանձնարարել հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս գործի քննությունը: Պարզ է դառնում, որ ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այն իշխանությանը, որը կոծկում է ազգային բանակի սպայի սպանությունը` նույն այդ բանակն ու անգամ ոստիկանությունը պատրաստ չեն դրան: Իշխանության հաշվարկը պարզ է՝ ժամանակ ձգել, մինչեւ հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի եւ իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին հերթական անգամ կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին»:

Նախաձեռնության անդամները համոզված են, որ նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչնդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր: