3 օգոստոսի 2012 - 15:34 AMT
Հայ իրավապաշտպանները որոշել են զբաղվել Բելառուսում մարդու իրավունքներով

Օգոստոսի 3-ին Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիան կազմակերպել է բելառուս իրավապաշտպան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի բելառուսական կենտրոնի նախագահ Ալես Բելյացկու պաշտպանության ակցիա:

Ակցիային մասնակցող մի քանի մարդիկ կրում էին պաստառներ` հանդուրժողականության մասին կարգախոսներով և իրավապաշտպանին բանտից ազատելու կոչերով:

Նրանք պետք է դեսպանատան աշխատողին հանձնեին մանիֆեստ, որում, մասնավորապես նշվում է, որ Բելառուսը մայրցամաքի միակ երկիրն է, որտեղ մահապատիժ է կիրառվում: Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Բելառուսում ինտերնետ-ակումբ մտնելու համար անհրաժեշտ է անձնագիր, իսկ ֆլեշ-մոբի համար կարող են նույնիսկ ձերբակալել:

Մանիֆեստի համաձայն, Բելյացկու ձերբակալության օրը` օգոստոսի 4-ը, ակցիայի մասնակիցները կոչ են անում ոչ թե տապալել Բելառուսում գործող ռեժիմը, այլ կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մինսկի ստանձնած միջազգային պարտավորությունները:

2011-ի օգոստոսի 4-ին Ա. Բելյացկին ձերբակալվել է, այնուհետև կալանավորվել է և տեղափոխվել քննչական մեկուսարան: Առիթ է հանդիսացել իբր հարկերի վճարումից խուսափելը: Նրա տանը և «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի գրասենյակում խուզարկություն է կատարվել Ֆինանսական հետաքննությունների բաժնի հրամանով:

Ալես Բելյացկու ձերբակալության համար առիթ է հանդիսացել «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի լիտվական բանկային հաշիվների մասին տեղեկատվությունը, այս տարվա մարտին տվյալները բելառուսական կողմին ներկայացրել է Լիտվայի արդարադատության նախարարությունը Բելառուսի հետ գործող պայմանագրի շրջանակներում: Բելառուսական հարկային մարմինները բոլոր գումարները համարել են որպես հենց իրավապաշտպանների («Վյասնայի» փոխնախագահ Վալենտին Ստեփանովիչի և Ալես Բելյացկու) անձնական եկամուտներ և մեղադրել նրանց հարկերը թաքցնելու մեջ: Ստեֆանովիչի նկատմամբ կիրառվում է վարչական հոդված, Բելյացկու նկատմամբ` քրեական: