3 օգոստոսի 2012 - 15:05 AMT
Գարեգին Չուգասզյան. Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից

Ներկայիս ձևավորվող սերնդի ընդվզումն ու բոյկոտը ցանկացած անարդարության դեմ իշխանությունների ապաշնորհության արդյունքն է: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում, խոսելով Վահե Ավետյանի սպանության հարցերի շուրջ հասարակական շարժման վերաբերմունքի զարգացումների մասին, հայտնեց ազգագրագետ, իրավաբան Դավիթ Սանասարյանը: «Դրա վկայություններից մեկը իշխանությունների շատ զուսպ արտահայտություններն են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ և հասնելու ենք իշխանությունների առջև դրված պահանջների կատարմանը»,- ասաց նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր հերթին նշեց, որ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբն ամենայն ուշադրությամբ հետևելու է գործի իրավական ընթացքին: «Վահե Ավետյանի սպանությունը մոդել է, բռնության կիրառման օրինակ, մենք պայքարում ենք ոչ միայն Վահե Ավետյանի գործով արդար դատավարության, այլև, առհասարակ, այդ երևույթի դեմ: Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ մարդիկ վերջապես ընդվզում են իրենց կյանքի իրավունքի համար, ընդվզում են թե' բարոյապես, թե' իրավական շրջանակներում»,- ասաց նա:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն իր հերթին նշեց, որ դա քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի կարևոր օղակներից է: «Մենք պահանջում ենք, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը հատուցի զոհվածի ընտանիքին, Վահե Ավետյանին այլևս չենք վերադարձնի, բայց կա նրա այրին և երեխաները, որոնց համար այդ հատուցումը կենսական անհրաժեշտություն է»,- ասաց նա` հավելելով, որ իրենց գլխավոր պահանջների թվում է նաև Ռուբեն Հայրապետյանին այսուհետ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: