3 օգոստոսի 2012 - 15:20 AMT
Օգոստոսի 7-ին «Հարսնաքարի» մոտ տեղի կունենա մոմավառություն և բողոքի երթ Ավանով

«Ստրկացի'ր կամ հեռացի'ր». այս է ներկայիս իշխանությունների կարգախոսը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի և «Սարդարապատ» շարժման անդամ, համակարգչային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը` խոսելով Վահե Ավետյանի սպանության հարցերի շուրջ հասարակական շարժման վերաբերմունքի զարգացումների մասին: Նա շեշտեց, որ ուժային համակարգում ոստիկանությունը փորձում է կոծկել սեփական սպայի սպանության փաստը: «Մինչդեռ նոր ձևավորվող սերունդը քաջ գիտակցում է, թե ինչ է կատարվում և չի հանդուրժելու այս թողտվությունը: Ներկա իրադրության մեջ արդարությանը հասնելու միակ ճանապարհը ժողովրդի ինքնակազմակերպումն է: Չի կարելի հանդուրժողական լինել բռնության հակամշակույթի հանդեպ»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:

«Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին միայն երեկ են թույլատրել մասնակցել հետաքննությանը: Գործի վարույթը հանձնված է Վահագն Հարությունյանին` մի անձի, որը նաև Մարտի 1-ի գործով զբաղվողների թվում է: Դա ևս մեկ անգամ փաստում է իշխանությունների` արդար վճիռը երկարաձգելու միտումը,- ընդգծեց նա:- Իսկ երկարաձգումը մեզ համար մարտահրավեր է և ես հայտարարում եմ, որ պիկետները, բողոքի ցույցերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, առցանց ստորագրահավաքները շարունակվելու են, մենք պայքարելու ենք մինչև վերջ»:

Օգոստոսի 7-ին «Հարսնաքարի» մոտ տեղի կունենա մոմավառություն և բողոքի երթ Ավանով: Նույն օրը համանման միջոցառումներ տեղի կունենան աշխարհի 20 տարբեր երկրներում: