3 օգոստոսի 2012 - 17:10 AMT
Հարկադիր ծառայության նախկին աշխատակիցը խաբել է քաղաքացիներին

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացնում են, որ իրենց են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հայտնել են, որ այս տարի Երևան քաղաքում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկում հարկադիր կատարող ներկայացած Արթուր Սամվելյանն իրենց խոստանալով հարկադիր էլեկտրոնային աճուրդով մատչելի գներով ձեռք բերել բնակելի տներ՝ վերցրել է ընդհանուր առմամբ 6.000 ԱՄՆ դոլար, սակայն գործարքները չի կատարել և գումարը չի վերադարձրել:

ԴԱՀԿ-ից հայտնում են, որ Արթուր Սամվելյանն աշխատել է ծառայությունում 1999-2001 թվականներին՝ որպես հարկադիր կատարող, սակայն ներկայումս որևէ առնչություն չունի հարկադիր կատարման ծառայության հետ: Գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։ Արթուր Սամվելյանի գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին ։