3 օգոստոսի 2012 - 17:26 AMT
Մասիս քաղաքի աղբանոցի հարցը դեռ չի լուծվել, բնակիչներն սպասում են ԱԺ-ի պատասխանին

Մասիս քաղաքից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբանոցը ամեն օր այրվում է ու օդը լցնում գարշահոտությամբ: Երկար ժամանակ տեղի քաղաքապետարանից որևէ պատասխան չստանալուց հետո Մասիսի բնակիչները Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին խնդրել են օգնել իրենց և հարցը բարձրացնել Ազգային ժողովում: Խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում ներկայացրել են իրավիճակը, մասնավորապես , այն, որ պարբերաբար Երևանից Մասիս է տեղափոխվում տոննաներով աղբ և հրկիզվում, ինչի հետևանքով քաղաքի մթնոլորտ են արտանետվում վնասակար և թունավոր նյութեր: Մասիսի քաղաքապետարանում, տեղեկանալով, որ հարցը հասել է Ազգային ժողով, մեղադրել են «Ժառանգության» պատգամավորներին եղածը չափազանցեցնելու մեջ: Քաղաքապետարանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Գառնիկ Ռուշանյանը Lurer.com կայքի հետ զրույցում ասել է, որ նման խնդիր չկա և իրենք պարբերաբար աղբը ծածկում են հողով, հավելելով, որ քաղաքական գորևծիչներն ակտիվացել են և ուզում են երևալ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ում այս խնդրին առնչվող մոտ 10 հարց են քննարկել, այժմ պատասխանի են սպասում: Անդրադառնալով Գառնիկ Ռուշանյանի պատասխանին , պատգամավորն ասաց, որ քաղաքի իշախանությունները շատ լավ տեղյակ են, թե ինչ իրավիճակ է տիրում այնտեղ:«Նման պահվածքը, հավանաբար, նրանից է, որ մարդիկ այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: