13 դեկտեմբերի 2004 - 19:51 AMT
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
«Ինտեգրում Վրաստանի հետ, բայց ոչ ձուլում». նման խորագրի ներքո է անցել Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների առաջին համաժողովը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Ախալքալաքում: Այդ մասին ահղորդել է Ա-Ինֆո գործակալությունը: Համաժողովի մասնակիցները նշում են, որ նրանք լիովին հանդես են գալիս Վրաստանի հետ տարածքի իրական ինտեգրման օգտին, սակայն դեմ են վրացական իշխանությունների քաղաքականությանը, որի նպատակը ձուլումն է: Կայացած քննարկումների արդյունքում ընդունվել է բանաձեւ: Բանաձեւում մասնավորապես նշվում է, որ տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների համաժողովի նպատակն է Վրաստանի հետ ինտեգրումը սոցիալ-տնտեսական բարեփոխումների միջոցով: Բանաձեւը ընդգծում է բազմաթիվ չլուծված սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրների առկայությունը երկրամասում. զանգվածային գործազրկություն, արտագաղթ, էթնիկ բնույթի անհավասար պայմաններ աշխատանքի ընդունվելուց, տարածաշրջանը Թբիլիսիի, Հայաստանի եւ Վրաստանի ծովամերձ տարածաշրջանների հետ կապող հաղորդակցության միջոցների անմխիթար վիճակ, իշխանությունների կողմից տարվող արհեստական դեմոգրաֆիական փոփոխություններին ուղղված քաղաքականություն: Համաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել որոշ ԶԼՄ-ների կողմից ազգային խտրականության եւ անհանդուրժողականության սերմանման առնչությամբ: Համաժողովը Սամցխե-Ջավախքի խնդիրների լուծման առաջնահերթ միջոց է համարում հաղորդակցության միջոցների վերականգնումը եւ աշխատատեղերի ստեղծումը, էներգետիկ խնդիրների լուծումը տեղի ռեսուրսների հաշվին (Փարվանա լիճ), Ախալքալաքի օդանավակայանի վերականգնումը եւ այլն: Համաժողովը որոշում է կայացրել երկրամասի զարգացման համալիր ծրագիր ստեղծելու նպատակով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից համապատասխան աշխատանքային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ինչպես նաեւ որոշվել է մեկ անգամ եւս դիմել Վրաստանի կառավարությանը եւ Հայաստանի հասարակական կազմակերպություններին աջակցության խնդրանքով:
Նշենք, որ Վրաստանի, Հայաստանի եւ միջազգային կառույցներից հրավիրված բոլոր բարձրաստիճան հյուրերից, համագումարին ներկա են գտնվել միայն ԵԱՀԿ եւ Փոքրամասնությունների գործերի եվրոպական կենտրոնի ներկայացուցիչները: Բացակայել են նաեւ վրացական խորհրդարանի հայազգի պատգամավորները, որոնք գերադասել են մասնակցել Երեւանում ընթացող կուսակցություններից մեկի համագումարին, ինչպես նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանը: