
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի 94 կգ քաշային կարգում Նորայր Վարդանյանը գրավեց 11-րդ տեղը:
Պոկում վարժությունում նա կարողացավ օգտագործել ընդամենը մեկ մոտեցում և բարձրացրել 170 կգ: Նրա 175 կգ-ոց երկու մոտեցումները ձախողվեցին:
Հրման առաջին փորձի ժամանակ Վարդանյանը գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետև նրան չհաջողվեց հրել 216 կգ ծանրաձողը:
Վարդանյանը առաջին հայ ծանրորդն է, ում լոնդոնյան Օլիմպիական խաղերում հաջողվեց 0 չստանալ: Մինչ այդ անհաջող էին հանդես եկել Առաքել Միրզոյանը (69 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ) և Մելինե Դալուզյանը (69 կգ):
94 կգ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն դարձավ ղազախ Իլյա Իլյինը 418կգ արդյունքով` սահմանելով Օլիմպիական ռեկորդ: Արծաթե և բրոնզե մեդալներն էլ նվաճեցին ռուս Ալեքսանդր Իվանովը և մոլդովացի Անատոլի Ցիրիցուն, որոնք բարձրացրել են համապատասխանաբար 409 և 407 կգ:
Հայ ծանրորդներից վերջինը Օլիմպիադայում ելույթ կունենա Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ):