17 դեկտեմբերի 2004 - 19:35 AMT
«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆԱՄԱԿՆԵՐ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Մեր տվյալներով «Նյու Յորք թայմսի» խմբագրության հասցեյով արդեն բազմաթիվ նամակներ են եկել Հայաստանի երիտասարդներից` դեկտեմբերի 9-ի համարում Հայաստանի մասին հոդվածի հրապարակման առնչությամբ: Նամակներում կարծիք է հայտնվում, որ թերթի Ստամբուլի բյուրոյի գլխավոր խմբագիր Սյուզան Սաքսը խախտել է լրագրողական էթիկայի կանոնները, միակողմանի ներկայացնելով երիտասարդների խոսքերը, որոնց հետ նա հարցազրույց է անցկացրել, նույնիսկ չզգուշացնելով, որ իրենց խոսքերը, լուսանկարները եւ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է: «Ձեր հոդվածը չի արտրացոլում առկա տեսակետների ողջ սպեկտրը: Բացի այդ, կան տվյալներ, որ լրագրողուհին աղավաղել է հարցազրույցին մասնակցած երիտասարդների խոսքերը: Շատ ցանկալի կլիներ, որ ձեր թերթը հրապարակեր մի հոդված, որտեղ կարտահայտվեին այլընտրանքային տեսակետները», ասվում է խմբագրությանը հասցեագրված նամակներից մեկում, որից որոշ հատվածներ մենք հրապարակում ենք հեղինակի համաձայնությամբ: Նամակները հղվել են նաեւ հենց իրեն` Ս.Սաքսին: Մինչդեռ, չնայած լրագրողական եւ մարդկային էթիկայի եւ մարդու իրավունքների ընդունված նորմերի ակնհայտ խախտումներին, ծագող աստղ Սաքսը դեկտեմբերի 15-ին հրապարակել է նոր հոդված Հայաստանի մասին, որտեղ արդեն բացահայտ է խոսում իր նպատակների մասին: «Գալիք ձմեռը կբերի դժվարությունների նոր ռիսկ: Իրավիճակի բարելավման հեռանկարները առանց արտաքին միջամտության թույլ են»: Եթե մի կողմ թողնենք, որ այնպիսի զուտ բնական ֆենոմենը ինչպիսին ձմեռվա գալուստն է ոչ մի նոր առանձնակի դժվարություններ չի հարուցում Հայաստանի համար, ի տարբերություն, ասենք մինչ այժմ էներգետիկ ճգնաժամից տառապող Վրաստանի, որի օրինակը դատելով հոդվածից այդքան ոգեշնչում է «պրոֆեսիոնալ լրագրող» Սյուզանին, արտաքին միջամտության մասին արտահայտությունը չափից դուրս տարօրինակ եւ մտածածին է թվում: Մենք կշարունակենք հետեւել արդեն ոչ պատանի, սակայն դատելով լուսանկարից դեռեւս բարետես Սաքսի հետագա արկածներին: Մեր կայքի «Գրադարան» մասում մենք տեղադրել ենք «Գոլոս Արմենիի» երեկվա համարում հրապարակված Կարեն Վրթանեսյանի նյութի ամբողջական տարբերակը: