7 օգոստոսի 2012 - 14:35 AMT
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 6,5 մլն եվրո վարկ

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հեյնս Օլբերսը ստորագրել են 6,5 մլն եվրոյի վարկային համաձայնագիր «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի մասին»:

Ինչպես հայտնել է ստորագրումից հետո Վաչե Գաբրիելյանը, ծրագրի նպատակը 17 բնակավայրերի ջրամատակարարման բարելավումն է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, և Վայոց Ձորի մարզերում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Հայջրմուղ» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող օբյեկտների վերանորոգում և արդիականացում: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է բարելավել շուրջ 300 հազար սպասարկվող բնակիչների ջրամատակարարումը»,- նշել է նախարարը:

Գաբրիելյանի խոսքով, ծրագրի իրականացման վարկը կազմում է 21,7 մլն եվրո, որից 6,5 մլնը տրամադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, 7,6 մլն-ը գրանտի տեսքով` Եվրամիությունը, իսկ 6,5 մլն եվրոն հատկացնում է Եվրոպական ներդրումային բանկը: Գաբրիելյանը հավելել է, որ դրանից բացի 1,1 մլն եվրո աջակցություն կա դոնոր- կազմակերպությունների կողմից:

Ֆինանսների նախարարը հաղորդել է, որ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015-ին, այդ վարկի մարման ժամկետը 4-25 տարի է, իսկ արտոնյալ մարման ժամկետը` 2 ամսից 7 տարի լողացող տոկոսադրույքով: «Ընդհանուր վարկն արտոնյալ է»,- ասել է նա:

«Հայաստանի կառավարությունը, իր վրա վերցնելով հերթական ներդրումային պարտավորությունը, աջակցում է ջրամատակարարմամբ զբաղվող ընկերություններին և ջրամատակարարման համակարգին` նպատակ ունենալով բարելավել տրամադրվող ծառայությունների որակը»,- իր հերթին ավելացրել է Ջրային տնտեսության պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքով, հիմնական նպատակներն են ջրի որակի բարելավումը և ջրամատակարարման ժամանակի ավելացումը: