21 դեկտեմբերի 2004 - 21:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՐԾՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ
«Եվրոպացիները, ամերիկացիները եւ ռուսները պետք է միասին գտնեն փոխզիջում, համաձայն որի Հայաստանը ժամանակավոր վերահսկողություն կստանա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի հետագա կարգավիճակը կորոշվի հանրաքվեով` հինգ կամ տասը տարիների ընթացքում», «Ֆիգարո» թերթի այսօրվա համարի «Պուտինը եւ կայսրության ուրվականները» համատեղ հոդվածում գրում են Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անա Պալասիոն եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավար Պյեր Լելյուշը: Հոդվածում վերլուծվում է ԵՄ եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա: «Ժողովրդավարության հաջողությունը Ուկրաինայում պետք է դրվի մեր դեմոկրատական երկրների ընդհանուր ռազմավարության հիմքում: Այդ ռազմավարության նպատակն է` վերջ դնել «Եվրոպայի սահմաններում առկա «սառեցված» հակամարտություններին», գտնում են հոդվածի հեղինակները: Հետագայում, Ռուսաստանի եւ ԵՄ սահմաններում բնակվող ժողովուրդների ճակատագիրը կախված կլինի այն բանից, թե ով կհաղթի` «ռուսաստանյան նեոիմպերիալիզմը, թե ԵՄ կկարողանա հաստատել «pax europa»: Դրա համար, ինչպես կարծում են հոդվածի հեղինակները, «արեւմտյան ժողովրդավարները» պետք է հանդես գան հետխորհրդայինհ տարածքում հակամարտությունների լուծման նախաձեռնություններով: Վրաստանի գավառներում` Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, ինչպես նաեւ Մերձդնեստրում տեղ գտած «սառեցված հակամարտությունները» շատ ընդհանուր բաներ ունեն: «Հակամարտությունը, որում բախվել են Հայաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում, ավելի բարդ է եւ էությամբ լրիվ այլ է», գրում են Անա Պալասիոն եւ Պյեր Լելյուշը: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրան հնարավորություն է ընձեռնվում դրսեւորել բարի կամք, ցուցադրել, որ երկիրը ցանկանում է միանալ եվրոպական ընտանիքին եւ կարող է օգտակար լինել. դրա համար պետք է բացել սահմանը Հայաստանի հետ, ինչը զգալիորեն կթեթեւացնի այդ հանրապետության կյանքը, որն անկախության ձեռքբերման ժամանակից ի վեր արդեն 15 տարի է ենթարկվում է անողոք շրջափակման... Վերջապես այս հակամարտությունում Ադրբեջանի հետ համագործակցության դիմաց Արեւմուտքը պետք է սերտ գործընկերական հարաբերություններ հաստատի այդ երկրի հետ», եզրափակում են հեղինակները: Հոդվածի երկու հեղինակներն էլ այցելել են Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այս տարվա հոկտեմբերի վերջին` «Մարշալի» Գերմանական հինադրամի (ԱՄՆ) առաքելության կազմում: Նրանք հանդես են եկել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության օգին: