22 դեկտեմբերի 2004 - 22:02 AMT
ԳՐԻԶԼՈՎՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՈՉ ՃԻՇՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ
Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բ.Գրիզլովի խոսքերին` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ «այդ բառը ճիշտ չի բնութագրում հայ-ռուսական հարաբերությունները»: Բորիս Գրիզլովն «ուղղակի օգտագործել է ոչ ճիշտ արտահայտություն», գտնում է Վ.Օսկանյանը: Արտաքին գործերի նախարարն այսօր հյուրընկալել է Ազգային մամուլի տանը, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին: Նա կարծիք է հայտնել, որ «այսօր մենք բանակցություններից կարող ենք ստանալ ավելին, քան 1997 թվականին: Առավել եւս, այսօր գոյություն ունեցող առաջարկություններից մենք կարող ենք «արձանագրել» Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»: Վ.Օսկանյանը նշել է նաեւ, որ այժմ իշխանությունները կանգնած են բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության ընտրության առջեւ. կամ պնդել, որ Ղարաբաղն ընդգրկվի գործընթացում եւ ընդհատել բանակցությունները մինչեւ այդ պահանջի կատարումը, կամ էլ շարունակել գործընթացը: Առայժմ իշխանությունները գերադասում են երկրորդ տարբերակը: