22 դեկտեմբերի 2004 - 22:46 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ ԻՐ ՏԵՂԸ
Անդրադառնալով Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ «տրանսպորտային պատերազմին», Բաքվի «Զերկալո» թերթը գրում է. «Նման դեմարշերը ստիպում են ներկայիս վրացական ղեկավարությանը, որի մոտ հաջողություններից գլխապտույտ է դիտվում, գիտակցել Ադրբեջանի նշանակությունն իր համար: Թե չէ Վրաստանը վերջերս սկսել է գերագնահատել իր սեփական նշանակությունը: Պաշտոնական Թբիլիսին պետք է հիշի, որ Վրաստանն Արեւմուտքին հետաքրքրում է միայն տարանցիկ երկրի որակում` էներգապաշարների եւ տարբեր բեռների տեղափոխման համար: Իսկ տրանսպորտային միջանցքի վճռական օղակը, որն Արեւելքը կապում է Արեւմուտքին համարվում է Ադրբեջանը: Սակայն Վրաստանում վերջերս սկսել են մոռանալ այդ հասարակ ճշմարտությունը: Այժմ հիշել են, եւ մոտ ժամանակներս դժվար թե մոռանան»: Նշելով, որ «տրանսպորտային պատերազմը», որը տեւում է արդեն երկու ամիս եւ «վերջը դեռեւս չի երեւում», «Զերկալո» թերթը չթաքցնելով այդ առնչությամբ իր գոհունակությունը` ընդսմին նշում է, որ Վրաստանի հետ «տրանսպորտային պատերազմի» սկսման հարցում. «Պաշտոնական Բաքվի վրա գործադրվել է նաեւ արտաքին ճնշում, եւ ոչ միայն Վրաստանի կողմից: Հաշվի առնելով Արեւմուտքի կողմից հարեւան երկրի ներկայիս ղեկավարության ստացած կարտ-բլանշը «վարդերի հեղափոխությունից» հետո, կարելի է ենթադրել, որ առաջատար եվրոպական պետությունները եւ ԱՄՆ դժվար թե հավանություն տան Ադրբեջանի գործողություններին»: Թերթը ակնարկում է, որ Ադրբեջանի թիկունքում գործում է ռուսաստանյան ղեկավարությունը: Չէ որ, ինչպես ավելացնում են լրագրողները, «ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այս բոլոր տարիներին Հայաստան բեռներ էին մտնում տարանցիկով` Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով»: