8 օգոստոսի 2012 - 11:20 AMT
Խոշոր ավտովթար Գյումրիում. 4 մարդ զոհվել է

Օգոստոսի 8-ին, ժամը 03.40-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Սախարովի հրապարակի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 529 համարանիշի ավտոմեքենան բախվել է Մ. Խորենացու 40/Ա հասցեում գտնվող դեղատան պատին եւ շրջվել։ Պատահարի հետեւանքով վարորդ` 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը եւ երկու ուղեւոր տեղում մահացել են, մեկ ուղեւոր ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Ժամը 04.25-ին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 զոհերի դիերը եւ վիրավորին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։