Օձունի եկեղեցին կվերականգնվի 3-3.5 տարիների ընթացքում

Օձունի եկեղեցին կվերականգնվի 3-3.5 տարիների ընթացքում

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Օձուն գյուղի VI դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքները կավարտվեն 3-3.5 տարիների ընթացքում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը:

Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Շերմազանյանի խոսքով ավելի կարճ ժամկետներում կավարտվի եկեղեցուց ոչ հեռու գտնվող կոթող-մահարձանը: Հուշարձանը վերականգնվելու է նույն քարով:

Եռանավ առաջին բազիլիկներից մեկը` Սուրբ Մարիամ Աստվածածինը, վերջին անգամ վերանորոգվել է Խորհրդային տարիներին: Նախատեսված էր նաև վերականգնման աշխատանքներ կատարել 1980-ական թթ-ի վերջին. քանդվել էր կամարաշարը, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այն այդպես էլ չ ի վերականգնվել:

Այժմ այն վերականգնվելու է արմատներով օձնեցի, ռուսաստանաբնակ գործարար Մովսես Ձավարյանի միջոցներով: Հուշարձանի վերականգնման աշխատանքերի համար կծախսվի 320 մլն դրամ, որի մեջ չի մտնում կամարաշարի վերականգնումը: Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար`կարմրավուն անդեզիտաբազալտը:

Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությանս փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ` կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---