Է. Նալբանդյան. Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատան բացումը նոր լիցք կհաղորդի հայ-ինդոնեզական հարաբերություններին

Է. Նալբանդյան. Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատան բացումը նոր լիցք կհաղորդի  հայ-ինդոնեզական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ինդոնեզիայի Հանրապետություն:

Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայի բանակցությունները, որոնք ընթացան նախ առաձնազրույցի, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

«Շարմ էլ-Շեյխում ուղիղ երեք ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանը մենք պայմանավորվեցինք գործնական քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը, և ես ուրախ եմ արձանագրել, որ այսօր, ի պատասխան Ձեր հրավերին, ես գտնվում եմ Ջակարտայում հենց այդ նպատակով: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ մոտ ապագայում Ինդոնեզիայում՝ Հարավ-Արևելյան Ասիայում կարևոր դերակատարություն ունեցող երկրում, դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության մասին, ինչը հավելյալ նոր լիցք և որակ կհաղորդի մեր հարաբերություններին»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը: Ողջունելով Ջակարտայում դեսպանություն բացելու Հայաստանի մտադրությունը՝ նախարար Նատալեգավան շեշտեց, որ Ինդոնեզիայի իշխանությունները ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպանատան աշխատանքներին:

Գործարար կապերի խթանման քննարկումների ենթատեքստում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ինդոնեզիայի Առևտրի պալատների համագործակցության հնարավորությունը: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորան գործընթացի վերջին զարգացումները: Նախարաները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի:

Ինդոնեզիայի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում, ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ: Մարտի Նատալեգավան տեղեկացրեց Ջակարտայում տեղակայված ԱՍԵԱՆ-ի՝ տարածաշրջանում աճող դերակատարության, այդ կառույցի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացների մասին:

Հայաստանի արտգործնախարարն իր ինդոնեզացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երևան: Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին»:

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---