9 օգոստոսի 2012 - 10:59 AMT
Oգոստոսի 10-ից 12-ը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական ակումբների համաժողովը

Երիտասարդական ակումբների դաշնությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը օգոստոսի 10-ից 12-ը կազմակերպում են Հայաստանի երիտասարդական ակումբների համաժողով: Համաժողովի նպատակն է Հայաստանում զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը, նպաստել երիտասարդական ակումբների համախմբմանն ու տարածմանը: Համաժողովի բացումը տեղի կունենա օգոստոսի 10-ին ժամը 17:00-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում : Օգոստոսի 11-ին երիտասարդական ակումների ղեկավարները կքննարկեն երիտասարդությանը հուզող հիմնախնդիրներ, կառաջարկեն լուծումներ, կհանդիպեն միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 12-ին` Երիտասարդության միջազգային օրը, ԵԱԴ-ն համաժողովի մասնակիցների անունից կհրապարակի «Ուղերձ», ինչպես նաև կկազմակերպվի երիտասարդական ֆլեշ-մոբ Երևանի կենտրոնում:

Նշենք, որ այսօր հանրապետությունում գործող երիտասարդական ակումբների թիվն անցնում է 150-ից: Բազմաթիվ երիտասարդական ակումբներ, համայնքային զարգացման երիտասարդական կենտրոններ գործում են մեկուսացված, մյուսները համագործակցության փորձ ունեն, իսկ առանձին երիտասարդական ծրագրային խմբեր գործում են որոշակի` միջազգային կամ տեղական, կառույցի հովանու ներքո: Հանրապետությունում մշակված չէ երիտասարդական ակումբային շարժման զարգացման հայեցակարգ, չկան երիտասարդական ակումբի կամ կենտրոնի գործունեության սկզբունքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, չափանիշներ: Մյուս կողմից, պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է աշխատանքը մարզային երիտասարդության հետ, նրանց ներգրավումը ակտիվ հասարակական կյանք` օգտագործելով նաև երիտասարդական ակումբների ու կենտրոնների կարողություններն ու հնարավորությունները: