9 օգոստոսի 2012 - 12:15 AMT
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը 10 տարեկան է

Oգոստոսի 13-19 Ծաղկաձորում կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական 10-րդ հավաքը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց «Բազե» երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը, 10 տարվա ընթացքում հավաքներին մոտ 8000 երիտասարդ է մասնակցել: «2002թ. երիտասարդական դաշտը այնքան էլ հագեցած չէր միջոցառումներով, «Բազեն» նոր և հետաքրքիր ծրագիր էր և այսօր էլ շարունակում է հետաքրքիր մնալ երիտասարդների համար: Ծրագիրը մեկ օրով երկարել է, այն համարվում է և′ մարզական, և′ ինտելեկտուալ, և′ մշակութային: Մասնակցում են բոլոր պետական և ոչ պետական բուհերը, և կուսակցական պատկանելությունը ոչ մի դեր չի խաղում:

«Բազեի» մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանն իր հերթին նշեց, որ այս տարի կներմուծվի նաև լողի մրցույթ, ինչպես նաև ազգային խաղեր, որոնք միտված են հայրենասիրություն սերմանել: Մասնակիցներին կպատմեն, թե որ խաղերը ինչպես են ծագել և անցկացվում:

«Բազեի» գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը հավելեց, որ այս տարի շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում` նոր միջոցառումներ, մրցույթներ: Հոբելյանական հավաքին նախատեսված է տոնական ծրագիր, կլինեն հանդիպումներ հին բազեականների հետ: Կցուցադրվի 10-ամյա «Բազեի» տարեգրությունը ներկայացնող ֆիլմ, ինչպես նաև կցուցադրվեն և կքննարկվեն հայկական ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվի ազգային պարերի ուսուցում: Վերջում սպասվում է գալա-համերգ:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Հավաքին այս տարի կմասնակցեն Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ` յուրաքանչյուրում յոթ մասնակից: Հավաքի ընթացքում 18-30 տարեկան ավելի քան 300 երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ և մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական և հասարակական գործիչների հետ: