9 օգոստոսի 2012 - 12:43 AMT
Շահան Քանդահարյան. Տարածաշրջանային հարցերի նկատմամբ Անկարայի բազմակի խաղերը հանգել են բազմակի խնդիրների

Սիրիական ճգնաժամի ներկա հանգրվանին Իրանի բացահայտ ներգրավումը մի պահ երևութապես երկրորդ փլան հղեց ռուսական դերակատարության գործոնը, երբ մանավանդ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի նախագահ և գերագույն հոգևոր պետի ներկայացուցիչ Սայիդ Ժալիլին Դամասկոսում հայտարարեց, որ Իրանը պիտի չարտոնի դիմադրության առանցքի քանդումը, որի մի մասն է Սիրիան: Այդ մասին իր հոդվածում գրել է Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:

«Թեհրանի անունով հայտարարություն կատարելու լիազորություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատարի վճռակամությունն այստեղ ակներև է: Հայտարարությունն ունի իր հիմնավորումը: Խնդիրները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, միայն սիրիական տարողություն չունեն, դիմադրության առանցքը քանդելու են միտված և առ այդ ուղղված են Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքի դեմ: Հայտարարության առիթը թեև իրանցի 48 առևանգյալների խնդիրն է, այսուհանդերձ հստակ է ուղերձը, որ հակամարտությունները աշխարհաքաղաքական տարողունակություն ունեն: Եւ այս դեպքում Իրան ի՛րենն է սեպում Սիրիայի ներկա դերակատարության պահպանման խնդիրը:

Այս ամբողջը իբրև ռազմաքաղաքական գործընթաց հստակ էր արդեն: Կարևորը այս դեպքում պաշտոնական Թեհրանի հստակացումն է, բարձրաձայնումը և դիրքերից չզիջելու պատրաստակամության և զորակցության շեշտակի հայտարարությունը: Ի տարբերություն` պաշտոնական Մոսկվայի, որ արտաքին զինվորական միջամտություններ ապահովելու միջազգային որոշումներ կանխարգելող իր վետոյի իրավունքով համեմատաբար ավելի զուսպ և առերևույթ ավելի դիվանագիտական բնույթի հայտարարություններ էր կատարում: Թեև այստեղ պետք չէ մոռանալ, որ ուղղակի Թեհրանի դեմ ոտնձգություն կատարված է առևանգյալների հարցով:

Իրանցի առևանգյալների հարցը անշուշտ կապվում է լիբանանցի առևանգյալների թղթածրարին: Մինչ Թեհրանի պաշտոնական ամբաստանությունը իր քաղաքացիների առևանգման առնչությամբ կուղղվեր Վաշինգտոնին և Սիրիայի հակաիշխանական ուժերին, Սիրիայում առևանգված լիբանանցիների թղթածրարին հետևող պատասխանատու շեյխ Ապպաս Զղեյպն իր ամբաստանության սլաքները ուղղակի ուղղեց դեպի Քաթար և հատկապես Թուրքիա: Կարևոր մի հավելումով . առևանգյալ լիբանանցիների հարցի չլուծման դեպքում, իրենց կողմից համապատասխան «հյուրընկալության» պիտի արժանանան լիբանանաբնակ թուրքեր:

Անկարային ուղղված միակ սպառնալիքը չէր այն, ինչ որ կհնչեր Բեյրութից: Թեհրանի զինվորական պատասխանատուների սպառնալիքները նման չէին երկու երկրների արտգործ նախարարների միջնորդական առաքելություններ ապահովելու միտող երկխոսության բովանդակությանը: Իրանի զինված ուժերի սպայակույտի պետ զորավար Հասան Ֆիրուզ Ապատին հայտարարած էր, որ Սիրիայից հետո հերթը Թուրքիային է: Զորավարը Թուրքիան պատասխանատու կնկատեր Սիրիայի իրադարձություններին (իմա՛ նաև իրանցիների առևանգմանը): Վարչապետ Էրտողանի պատասխանը չէր ուշանար. «Թուրքիան աջակցած է Իրանին այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրների կողմից ճնշումի ենթարկված էր այն»: Թուրքական այս հիշեցումը իրանյան սպառնալիքին դիմաց մեղմ է համարվում: Սիրիա-Իրաք-Թուրքիա քրդական հավանական միավորումի մղձավանջը առաջնային խնդրի նշանակություն ունի Անկարայի համար, որ նոր ճակատ դիմագրավելու իրականությունից փախուստ տալու խուսանավում է կատարում պարզապես: Խուսանավումը չի փրկի Թուրքիայի կացությունը սակայն: Թուրքական զորքերի սիրիական տարածք հերթական մուտք գործելը այս անգամ չի վրիպել իրանյան շրջանակների ուշադրությունից: Առաջին անգամը չէր, որ թուրքական զորքեր երևում են 1921-ին թուրք-ֆրանսիական համաձայնությամբ սիրիական հողերի վրա թուրքական տարածք համարված Ճարապլուսում: Այս անգամ իրանյան լրատվամիջոցներ փութացին հաղորդելու, որ Թուրքիան ներխուժել է սիրիական տարածք:

Ամբաստանվող կողմերը հետզհետե հստակ են, որոնց նկատմամբ նաև հակակշիռ քայլեր առնելու հայտարարություններ են կատարվում: Անկարայի կիրառած բազմակի խաղերն ու խուսանավումները հետզհետե նեղ անկյուններում են հայտնվում: Սիրիայի, քրդերի և Իրանի հետ դիմագրավված թղթածրարները հարևանների հետ զրո խնդիրներ ունենալու վարքագծի ձախողությունն են ընդգծում։

Այլ ուղղության վրա արձանագրված մի զարգացում այս բոլորի հետ ուղղակի-անուղղակի է կապվում։ Բաքուն նոր է, որ հայտարարում, թե իր դեսպանության աշխատանքները դադարեցնում է Դամասկոսում։ Նման մի որոշում անպայման համադրված է ավագ եղբոր հետ, որ հավանաբար օրին, երբ փակում էր իր դեսպանությունը Սիրիայում, թելադրել էր կրտսեր եղբորը սպասել և չաճապարել: Ադրբեջանական դեսպանությունը հիմա փակելը մտածել է տալիս, որ որոշումը կապ ունի իրանյան ուղղակի միջամտության հետ, եթե մտաբերենք նաև Բաքու-Թեհրան հարաբերությունների առնվազն ոչ սերտ -եթե ոչ լարված- բնույթը:

Տարածաշրջանային հարցերի նկատմամբ Անկարայի բազմակի խաղերը հանգել են բազմակի խնդիրների: Դեպքերի ընթացքին դոմինոյական տեսությունը չի բացառում իր խաղին ներառել անվտանգության գոտիներ որոնող Թուրքիան»,- իր հոդվածում նշել է Քանդահարյանը: