11 հունվարի 2005 - 19:50 AMT
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԿՍՏՈՐԱՐՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԻՐ, ՀԱՄԱՁԱՅՆ ՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՐՈՇՎԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ
«Ազգի» ունեցած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ Պրահայի բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն ստորագրել ղարաբաղյան կարգավորման մի միջանկյալ պայմանագիր, ըստ որի` ղարաբաղյան ուժերը դուրս գան իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական որոշ տարածքներից, փոխարենը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կհանձնվի ժամանակավոր կառավարման` պայմանով, որ 5 կամ 10 տարի հետո Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար անցկացվի հանրաքվե», գրում է Թաթուլ Հակոբյանն այս տարվա «Ազգ» թերթի առաջին համարում: Հիշեցնենք, որ այսօր Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Պրահա մեկնելու նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ «այս տարվա բանակցությունները որակապես տարբերվելու են Պրահայի գործընթացի առաջին փուլից: Այժմ անդրադառնալու ենք որոշակի մանրամասների»: «Ազգը» հիշեցնում է նաեւ դեկտեմբերին ֆրանսիական «Ֆիգարո» թերթում տպագրված հոդվածը, որում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի ստորագրությամբ, առաջարկվում էր կարգավորման մոտավորապես նույն տարբերակը: Թերթը նաեւ ուշադրություն է հրավիրում, որ վերջին տարիներին նկատվում է հանրաքվեի ճանապարհով հակամարտությունների կարգավորման միտում: Այս կապակցությամբ, «Ազգում» տպագրված հոդվածի հեղինակը հիշեցնում է Սուդանում, Կիպրոսում հանրաքվեների միջոցով հակամարտությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման մասին, ինչպես նաեւ կարծիք հայտնում նույն սցենարով Կոսովոյի հակամարտության հնարավոր լուծման մասին: