10 օգոստոսի 2012 - 15:06 AMT
Կարմեն Պետրսյան. Լսողական սարքի փոխարեն հավաստագրեր տալու կարգը դեռևս մշակման փուլում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնում այս պահին 200 լսողական սարք կա, որոնք դեռ նախորդ տենդերից են մնացել:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրսյանը:

Հիշեցնեք, որ կառավարությունն արդեն քննարկել է 2007 թ. ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի` փոփոխություն կկատարվի հաշմանդամներին լսողական սարքերի տրամադրման կարգում: Ըստ այդ փոփոխության, լսողական սարքերի փոխարեն նախարարությունը կհատկացնի որոշակի գումարով հավաստագրեր, որով հաշմանդամություն ունեցողները կարող են ձեռք բերել իրենց նախընտրած սարքերը:

«Հավաստագրերի տամադրման կարգը մշակման փուլում է, դեռևս չկա նախարարի որոշումը, ինչպես նաև դեռ հայտնի չէ հավաստագրերի գումարի չափը»,- նշեց Կարմեն Պետրսյանը:

Կարմեն Պետրոսյանն ասաց նաև, որ հավաստագրերը կտրվեն միայն այն ժամանակ, երբ կսպառվեն նախարարությունում առկա 200 լսողական սարքերը:

«Հավատ» թույլ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպությաննախագահ Սուսաննա Ժամկոչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախագիծը ողջունելի է, քանի որ նախարարության առաջարկած սարքերը տեսականի չունեն և հարցումներ անելով մի շարք շահառուների շրջանում ՀԿ-ն պարզել է, որ շատերը, ունենալով նախրարաության տրամադրած լսողական սարքերը, չեն օգտվում դրանցից. «Լսողական սարքերի ընտրությունը անհատական մոտեցում է պահանջում: Այս տարբերակը ավելի նախընտրելի է», - ասաց Սուսաննա Ժամկոչյանը:

Սուսաննա Ժամկոչյանը նշեց նաև, որ մտավախություն կա, որ հավաստագրերում նախատեսված գումարը չի բավականացնի համապատասխան լսողական սարք ձեռք բերելու համար . « Հավաստագերի անհրաժեշտ գումարը պետք է 90 հազար դրամից բարձր լինի, որպեսզի բավականացնի սարքը գնելուն»: Նշենք, որ մինչ այժմ հատկացվող սարքերի արժեցել են 80 հազար դրամ, սական թույլ լսող երեխաների ծնողները հույս ունեն, որ հատկացվելիք գումարն ավելի շատ կլինի: