10 օգոստոսի 2012 - 15:20 AMT
«Մենք ենք այս քաղաքի տերը». Պետք է քննարկել մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը

Այս չորեքշաբթի Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած Քաղաքաշինական խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցել են նաև «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: Հանձնաժողովի առաջին նիստին բարձրացված խնդիրներից զատ, նախաձեռնության անդամները կոչ են անում նաև նիստերում քննարկման առարկա դարձնել մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը և համապատասխան միջնորդությամբ դիմել նաև քաղաքապետին և իրավասու մարմիններին: «Միայն պատասխանատվության ենթարկելու դեպքում կարող է հաստատվել կարգուկանոն: Յուրաքանչյուր պետական և տեղական ծառայողի պետք է պարտավորեցնել գործել միմիայն Սահմանադրության և օրենքի շրջանակներում», -ժասված է նախաձեռնության այսօրվա հայտարարության մեջ:

«Մենք կարծում ենք նաև, որ քաղաքապետարանը պարտավոր է հաշվետու և թափանցիկ լինել քաղաքացու առջև և ծառայել հանրային շահին: Մեր բոլոր քայլերի մասին մենք կտեղեկացնենք հրապարակավ և ամեն ինչ կանենք, որ վերոհիշյալ հարցադրումները և պահանջները իրական լուծումներ ստանան», -ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: