10 օգոստոսի 2012 - 15:56 AMT
Կամարանցումների վերանորոգման և գունազարդման համար դարձյալ հատկացումներ կլինեն

Այսօր գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը : Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կամարանցումների վերանորոգման և գունազարդման աշխատանքների համար նախատեսվել է 86,800.0 հազար դրամ, որի շրջանակներում վերանորոգվել և գունազարդվել է շուրջ 70 կամարանցում, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել քաղաքացիների կողմից։ Ծրագիրը ավարտին հասցնելու համար նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 58 կամարանցումների գունազարդման և վերանորոգման աշխատանքներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ավագանին որոշել է 44,062.5 հազար դրամ հատկացնել կամարանցումների վերանորոգման և 36,500.7 հազար դրամ՝ կամարանցումների գունազարդման համար։