Օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաղողօրհնության տոնը

Օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին  նշում է Խաղողօրհնության տոնը

PanARMENIAN.Net - Խաղողօրհնության տոնը նախաքրիստոնեական շրջանում գրեթե բոլոր ժողովուրդների կրոնական ծիսակարգի մաս էր կազմում, երբ տարվա առաջին պտուղը, ի նշան հնազանդության, հպատակության,երախտագիտության եւ առաջիկա տարվա բերքի առատության, քրմերի կողմից կատարվող հատուկ արարողակարգով նվիրաբերվում էր տվյալ ժողովրդի դիցարանում պտղաբերությունը մարմնավորող աստվածությանը:

Այս արարողությունը թեպետ կար նաև հեթանոս Հայոց ծիսակարգում, սակայն, այդ ընծայաբերումն առանձնացված չէր իբրևւ «Տօն արմտեաց եւ պտղոց», այլ համարվում էր Անահտական տոներից մեկը, քանի որ հայոց դիցարանում մի շարք այլ հատկանիշների հետ, պտղաբերության ու արգասավորության մարմնավորողը եղել է Անահիտ դիցուհին:

301 թվականին, երբ Հայաստան ում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանյայց Եկեղեցում ծիսական որոշ բարեկարգումներ կատարեց: Դրանցից մեկն էլ Անահտական տոներից` այգեկութի երախայրիքի ընծայումն էր: Ս. Գրիգոր Լուսավորիչն այն վերաիմաստավորելով ու քրիստոնեականացնելով` ներմուծել է Հայոց Եկեղեցու ծիսակարգ` համադրելով Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին: Հայրապետական տնօրինության համաձայն, պտղի նվիրաբերումը պետք է կատարվեր քահանայական օրհնության սրբագործումով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողի ողկույզին: Այդ պայմանավորված է պատմական եւ կրոնական մի շարք հանգամանքներով. աշխարհակործան ջրհեղեղից հետո, Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում եւ խաղողագործությամբ զբաղվում: Որթատունկի պտուղը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը եւ կոչվում Պտղոց արքա: Հիսուս Փրկիչն Իրեն բազմիցս նմանեցրել է խաղողի որթին : Իսկ Եկեղեցու հայրերի վկայությունների համաձայն« Աստվածամայրն այն ընտիր որթն է, ով մարդկությանը պարգևեց անապական ու կենդանարար ողկույզը` Հիսուս Քրիստոսին, եւ քանի որ պտղի օրհնությունը կատարվում էր Ս. Աստվածածնի տոնին, որը համընկնում էր ամռան վերջին: Այդ շրջանում առավելաբար հենց խաղողն էր հասունանում, ուստիև այն դարձավ օրհնության պտուղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---