13 օգոստոսի 2012 - 12:49 AMT
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 306-ի

Իրանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի շարքի զոհերի թիվը հասել է 306 հոգու, ավելի քան 3000 մարդ վնասվածքներ են ստացել: Այդպիսի պաշտոնական տվյալներ է հաղորդել ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:

Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարզիա Վահիդ Դաստջերդին, զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Նախարարը նաև պարզաբանել է, որ շատ զոհերի մարմինները դեռ մնում են փլատակների տակ, նրանց որոնման աշխատանքները շարունակվում են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել երկաշարժերի շարք: 6,4 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով 16:53-ին Թավրիզ քաղաքից 60 կմ հեռավորության վրա: 6,3 մագնիտուդով երկրորդ ցնցումը հետևել է 11 րոպե անց: Աղետի հիմնական հարվածը բաժին է ընկել Ահար, Վարազկան և Հարիզ քաղաքներին: