18 հունվարի 2005 - 22:04 AMT
«ԵՍ ՉԵՄ ԶԱՆԿԱՆՈՒՄ ԿՌՎԵԼ, ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐՆ ԷԼ ՉԵՆ ԳՆԱ», ԱՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲՐԻԳԱԴԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Ես այլեւս երբեք չեմ մարտնչի հանուն Ադրբեջանի, ասում է 41-ամյա գնդապետ Ազեր Ռուստամովը` 2005 թվականի հունվարի 7-14-ը Obozrevatel.net ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում: «Ես չեմ ցանկանում կռվել, եւ ուրիշներն էլ չեն գնա: Նրանք կնախընտրեն առեւտուր անել շուկայում», շարունակում է Ռուստամովը: Ա.Ռուստամովը աֆղանական եւ ղարաբաղյան պատերազմների վետերան է, պարգեւատրվել է «Կարմիր աստղ» խորհրդային շքանշանով, ինչպես նաեւ ունի ադրբեջանական պարգեւներ` ստացած Ա.Էլչիբեյի եւ Հ.Ալիեւի ռեժիմների ժամանակ: Նա հիշում է 1992 թվականի ամռանը Ղարաբաղում տեղի ունեցած մարտերը: «Այդ մարտերում մեզ անգնահատելի օգնություն են ցուցաբերել հարյուրավոր չեչեն կամավորներ` Շամիլ Բասաեւի եւ Սալման Ռադուեւի գլխավորությամբ: Սակայն նրանք էլ մեծ կորուսներ կրելով ստիպված են եղել հեռանալ մարտի դաշտից»: Ռուստամովը ծառայել է մինչեւ գնդապետի կոչում ստանալը եւ եղել է Ֆիզուլիի շրջանում բրիգադայի հրամանատար (1999-2001 թ.թ.): Նա հեռացել է բանակից 2003 թվականին: «Եթե պատերազմ սկսվի ես ինքս վստահ չեմ` կգնամ կռվելու, քանզի ես տեսել եմ թե ինչպես են վերաբերվում հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակին եւ նրանց, ովքեր հաշմանդամ են դարձել այդ պատերազմում... Բանակն, իհարկե կկռվի որոշ ժամանակ: Իսկ ի՞նչ կլինի հետո, երբ անհրաժեշտ կլինի լրացնել նոսրացող շարքերը: Ինչպե՞ս կլրացնենք, եթե ավելի քան երկու միլիոն մարդ այսօր աշխատում է Ռուսաստանում»: Ա.Ռուստամովը քննադատում է նաեւ արտաքին քաղաքակոանությունը` գտնելով, որ չի կարելի անմտածված հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին: Հետաքրքիր է, որ «Կարմիր աստղ» շքանշանը նա ստացել է անցյալ տարեվերջին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունում: Ներկայումս նա աշխաատում է «Մարտական եղբայրություն» կազմակերպանության ստեղծման ուղղությամբ, որը միավորելու է Ադրբեջանում բնակվող տարբեր պատերազմների վետերաններին` ինչպիսին գոյություն ունեն ԱՊՀ շատ երկրներում եւ Ռուսաստանում: