13 օգոստոսի 2012 - 16:39 AMT
ԱՊՀ երկրներն ազատ առևտրի գոտու ստեղծումից հետո մտադիր են ստեղծել նաև ծառայությունների ազատ առևտրի գոտի

ԱՊՀ անդամ-երկրները, որոնք վավերացրել են ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, մտադիր են փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո համաձայնագիր մշակել ԱՊՀ շրջանակներում ծառայությունների ազատ առևտրի մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր հաղորդել է ՌԴ, ԱՊՀ և ԵվրԱզԷս երկրների հետ համագործակցության հարցերով Ուկրաինայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Վալերի Մունտիյանը:

Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 30-ին օրենք է ընդունել ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին պայմանագիրը վավերացնելու մասին, նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է օրենքն օգոստոսի 9-ին: Փաստաթուղթը ստորագրած 8 պետություններից Ուկրաինան երրորդ երկիրն է Ռուսաստանից և Բելառուսից հետո, որը վավերացրել է այն:

Մունտիյանը հաղորդել է, որ ծառայությունների ազատ առևտրի մասին պայմանագրի բանակցությունները կսկսվեն այն բանից հետո, երբ առաջին 3 երկրները ԱՊՀ գործկոմ կհանձնեն ԱԱԳ մասին համաձայնագրի վավերացման փաստաթղթեր:

«Դա կլինի նոր պայմանագիր ծառայությունների ազատ առևտրի գոտու մասին»,- հավելել է նա: