13 օգոստոսի 2012 - 17:16 AMT
Սերգո Կարապետյանը հորդորեց վերամշակող և արտահանող կազմակերպություններին կատարել պարտավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջին նման հանդիպումը, երբ արձագանքելով նախարարի հորդորներին, նրանք հավաստիացրին, որ կանեն ամեն ինչ, գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և ողջամիտ գներով իրացնելու համար, բերքահավաքի նախօրյակին էր, հաղորդում է նախարարության հասարակության հետ կապերի բաժինր: Նախարարր ծանոթացավ, թե ինչպիսին է վիճակը այսօր, երբ ըստ օպերատիվ տվյալների, թե մթերման, թե արտահանման ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

«Ցավոք, մթերման ծավալների ստանձնած պարտավորությունները բոլոր ձեռնարկությունները չէ, որ պահպանում են: Նման պայմաններում դեղձի և լոլիկի մթերումների հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է մի քանի ընկերության վրա: Դա լուրջ մտահոգությունների առիթ է: Այսօր, երբ մենք փորձում ենք ըստ ամենայնի կանգնել գյուղացու կողքին, ստանձնած պարտավորությունների կատարումը ուշացնող կամ ձախողող կազմակերպությունների պատճառաբանությունները անհիմն են:

Մանավանդ, որ բազմակողմանի օժանդակության հարցերով մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ» - նշեց նախարարը:

Ծավալված անկեղծ երկխոսության և նախարարի հիմնավոր հորդորների արդյունքում, խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին առաջիկա մի քանի օրերին գործնական միջոցներ ձեռնարկել պտուղբանջարեղենի, մասնավորապես դեղձի և լոլիկի մթերման և արտահանման ստանձնած պարտավորությունների կատարումը լիովին ապահովելու համար: