13 օգոստոսի 2012 - 17:28 AMT
Հայ երիտասարդները կմասնակցեն «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում» թեմայով ֆիլմերի մրցույթին

ՄԱԿ-ը հայ երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում» թեմայով ֆիլմերի մրցույթին: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, Երիտասարդական ֆիլմերի մրցույթը նվիրված է և' Երիտասարդության միջազգային օրվան, և' մարդու իրավունքներին

Մասնակցության համար երիտասարդները պետք է թվային դարաշրջանում մարդու իրավունքների խնդիրներին նվիրված կարճամետրաժ ֆիլմ նկարահանեն: Մրցույթին կարող են մասնակցել 17-25 տարեկան ցանկացած ՀՀ քաղաքացիներ:

Մրցույթի նպատակն է քարոզել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և թվային դարում մարդու իրավունքների հարցում փոխըմբռնում սերմանել երիտասարդների մեջ:

Լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում 2012թ. դեկտեմբերին` Մարդու իրավունքների օրվա տոնման շրջանակներում: Նույնպիսի միջոցառում է ծրագրված ՄԱԿ-ի մյուս անդամ երկրներում:

Բոլոր հայտագրված ֆիլմերը կտեղակայվեն YouTube-ում` ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ալիքում, և կայքի օգտատերերը հնարավորություն կստանան քվեարկելու լավագույն ֆիլմի օգտին:

Մրցույթի համար սահմանված է երկու մրցանակ` Ժյուրիի մրցանակ և YouTube-ում քվեարկության արդյունքներով որոշվող Գլխավոր հանրային մրցանակ:

Մրցույթը կազմակերպվել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրոպայի հյուպատոսի կողմից` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աջակցությամբ: