Ինչո՞ւ են հայաստանյան սպորտային կառույցները անտեսում լրատվամիջոցներին

Ինչո՞ւ  են հայաստանյան սպորտային կառույցները անտեսում լրատվամիջոցներին

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերին պատրաստվում են ոչ միայն մարզիկներն ու նրանց մարզիչները, այլև լրագրողները, մարզական ֆեդերացիաները, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ազգային Օլիմպիական կոմիտեն:

Մենք սպորտային լրագրությունում մեր առաջին քայլերն արեցինք ուղիղ չորս տարի առաջ` Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ: Ու մենք էլ բոլոր մարզիկների նման անցանք այս քառամյա ցիկլը, պատրաստվեցինք «մեր շաաաատ սիրելի Օլիմպիադային»:

Բնականաբար, մեծ էր ցանկությունն այս միջոցառումը լուսաբանել հենց մայրաքաղաք Լոնդոնից: Դե, տարբեր խանգառիչ հանգամանքներ… մի խոսքով չստացվեց: Մենք արդեն մի քանի ամիս առաջ պատրաստեցինք հարցազրույցներ Հայաստանի բոլոր 25 ներկայացուցիչների ու նրանց մարզիչների հետ, նրանց հետ մենք էլ ոգևորվեցինք ու տրամադրվեցինք, որ նրանք պետք է ներկայանան որքան հնարավոր է լավ: Մեր նպատակը մեկն էր` որքան հնարավոր է լավ ներկայացնել մեր մարզիկներին, էլ ավելի ճանաչելի դարձնել նրանց ու նաև մեր աշխատանքով, եթե հնարավոր է, օգնել:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, երբ մեկնարկեց Օլիմպիադան, ի՞նչ էին անում Հայաստանի սպորտի նախարարության և կոմիտեի աշխատակիցները, որոնք մեկնել էին Լոնդոն:

Սովորաբար, նման կառույցի ներկայացուցիչները պարտավոր են տեղյակ պահել լրագրողներին, թե ինչ է տեղի ունենում հայկական պատվիրակությունում, ինչպես անցավ հայկական մշակութային միջոցառումը Լոնդոնում կամ էլ հանդիպումը ՀՀ նախագահի հետ, ինչու չի Լոնդոն մեկնել հավաքականի 25-րդ անդամը ու այլ մանրամասներ: Սա կարևոր էր նաև այն առումով, որ Հայաստանի լրագրողների 99%-ը այս իրադարձությունը լուսաբանում էր այստեղից: Ճիշտ է, կարելի է զանգել Լոնդոն ու քեզ հետաքրքրող հարցերը տալ պատվիրակներից մեկին, ինչը և անում էին հայկական լրատվամիջոցներից որոշները, այդ թվում նաև PanARMENIAN.Net ը: Բայց այդուամենայնիվ, յուրաքանչյուր իրեն հարգող կառույց պարտավոր է մամլո հաղորդագրություն պատրաստել, տեղյակ պահել այն աշխատանքի մասին, որը արվում է: Իսկ աշխատանք իսկապես կա, կան մեդալներ ու կա հաղթանակ:

Մի առանձին թեմա է ՀԱՕԿ-ի և սպորտի նախարարության կայքերը: Այստեղ դեռ ոչ մի հիշատակում Օլիմպիական խաղերի մասին չկա արված, տպավորություն է, որ հայ մարզիկները ընդհանրապես ելույթ չեն ունեցել Լոնդոնում, ավելին, նույնիսկ մեդալ չեն նվաճել:

Ու այսքանից հետո հարց է առաջանում. «Ժողովուրդ, ինչո՞ւ եք այդպես աշխատում, ինչո՞ւ չեք ցանկանում, որ այն հաջողությունները, որոնք գրանցում են մեր մարզիկները, լուսաբանվեն որքան հնարավոր է շատ»:

Սրանից դեռ մի քանի տարի առաջ այս նույն հարցը տվեցինք մեր ֆեդերացիաներից մեկի ներկայացուցչին, ստացանք այսպիսի պատասխան. «Մենք չենք սիրում թատերականացնել մեր աշխատանքը»: Ու սրանից հետո, չգիտես նույնիսկ ինչ պատասխանես: Մնում է հուսալ, որ սպորտային կառույցները, որոնք հպարտանալու տեղ ունեն, քանի որ նրանց մարզիկները միշտ էլ պատվով են ներկայացնում մեր երկիրը, կսկսեն արդյունավետ ու ճիշտ աշխատել լրատվամիջոցների հետ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---