Հայաստանի Օլիմպիական պատվիրակությունը ժամանեց Երևան

Հայաստանի Օլիմպիական պատվիրակությունը ժամանեց Երևան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Լոնդոնից Երևան ժամանեց Հայաստանի Օլիմպիական պատվիրակությունը: 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում երեք մեդալներ նվաճած հայ մարզիկներին դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) նշեց, որ շատ ուրախ է այդքան մարդկանց ուրախացնելու համար. «Իմ հաղթանակը ես նվիրել եմ հայ ժողովրդին ու շատ շնորհակալ եմ նրան մեծ աջակցության համար: Շատ հաճելի է, որ այդպիսի խանդավառությամբ հետևում է մեր ազգը իմ ելույթին: Անկեղծ եմ ասում, այդպիսի ակնթարթներն են ինձ ստիպում ավելի գնահատել իմ հաղթանակը»:

Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի (96 կգ) խոսքով, նա իր ելույթից գոհ չեր, սակայն երկրպագուների բուռն ընդունելությունը օգնել է մոռանալ ամեն ինչ: «Ես հավատում էի իմ հաղթանակին ու պատրաստ էի ոսկե մեդալ նվաճել, սակայն որոշ պատճառներով չստացվեց: Սակայն շատ ուրախ եմ, որ կարողացա բրոնզե մեդալի համար պայքարում ուժեղ գտնվել ու հաղթել: Երջանիկ եմ, որ Հայաստանի համար մեդալ եմ բերել: Կփորձեմ 4 տարի անց Ռիո դե Ժանեյրոյի խաղերում անպայման չեմպիոն դառնալ»,- ասաց ըմբիշը:

Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ), որը առաջին կին հայ մարզիկն է, ում հաջողվել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում Օլիմպիական խաղերում մեդալ նվաճել, ընդգծեց, որ իր ուրախությունը չի կարող բառերով նկարագրել: «Նման զգացողություն ես իմ կյանքում չէի ապրել և ցանկանում եմ, որ բոլոր հայ մարզիկներն էլ նման երջանիկ պահեր ունենան: Ես անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք ինձ երկրպագել ու աջակցել են: Ես գնացել էի բրոնզե մեդալի համար ու կարողացա այն նվաճել: Ես անչափ երջանիկ եմ»,- անկեղծացավ մարզուհին:

Անչափ ուրախ և հպարտ էին նաև հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ու ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---