15 օգոստոսի 2012 - 09:54 AMT
«Առավոտ». Մեծամորում ահաբեկում են քաղաքապետի թեկնածուներին

«Առավոտ» թերթը գրում է, որ Արմավիրի մարզի Մեծամոր ավանում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն երեք թեկնածու` գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը` ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը եւ Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանը:

«Աշոտ Գրիգորյանի եւ նրա եղբոր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն, եւ նա նախկինի պես հիմա չի վայելում գեներալ եղբոր հովանավորությունը: Քաղաքապետի միակ կին հավակնորդ, դպրոցի նախկին տնօրեն Ասյա Առաքելյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Տիկին Առաքելյանից երեկ հետաքրքրվեցինք` ինչո՞վ էր իրեն հրապուրել քաղաքապետի պաշտոնը եւ ինչո՞ւ այդքան շուտ հիասթափեցրեց: «Ես կարո՞ղ եմ վերջին հարցին չպատասխանել»,-միանգամից վրա բերեց տիկին Առաքելյանը: Ինչ մնում է իր առաջադրմանը`ասաց, որ դա իր առաջին պոռթկումն էր, որ երկար տարիներ մանկավարժ է եղել, բազում երեխաների է դաստիարակել, նաեւ` իր կորցրած երկու երեխաների հիշատակը վառ պահելու համար, ցանկանում էր Մեծամորը դարձնել ավելի աշխույժ, երիտասարդական քաղաք. «Հետո հասկացա, որ առողջությունս չի ների: Աշխատանքը շատ մեծ ծավալի է, երեւի չկարողանամ: Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի երիտասարդներին ճանապարհ տալ: Ասյա Առաքելյանի ինքնաբացարկի պատճառը նրա նկատմամբ գործադրված ճնշումներն են: Ասում են, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ մարզպետարանի այլ չինովնիկներ բավականին կոշտ զրույցներ են ունեցել տիկին Ասյայի հետ: Տեղացիների կարծիքով, Ասյա Առաքելյանը գործող քաղաքապետ եւ քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Գրիգորյանի համար բավականին լուրջ մրցակից էր»,- գրում է «Առավոտ»-ը: