Սիրիահայերն ահազանգում են. Հալեպում վիճակն օրըստօրե վատանում է

Սիրիահայերն ահազանգում են. Հալեպում վիճակն օրըստօրե վատանում է

PanARMENIAN.Net - Հալեպում վիճակն օրըստօրե վատանում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հալեպի սիրիահայ բնակիչ Արսեն Հեքիմյանը, հավելելով, որ արդեն 6 օր է, ինչ բնակարաններում հոսանք չունեն, 4 օր էլ` ինտերնետ:

«Հաճախ կրակոցներ և ռումբերի պայթյուններ են հնչում: Օդում թռչում են ինքնաթիռներ, որոնք ռմբակոծում են Հալեպը», - ասաց Հեքիմյանը:

Սիրիահայի խոսքով` ընդդիմությունը բավական ուժեղ է, իսկ կառավարական զորքերը «խայտառակ պարտություններ են կրում»: Սիրիահայի դիմել է ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջին»` Հայաստան գալու ցանկությամբ:

«Ուզում են ընտանիքով գալ Հայաստան սեպտեմբերի սկզբին, բայց չգիտեն ինչ պիտի անեն: Ասում են, որ մնալն արդեն անհնար է», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը:

Սիրիահայի հավաստմամբ` Հալեպում հայերից շատերի մոտ կարծիք է ձևավորվել, որ Հայաստանը չի ուզում իրենց ընդունել և որ հայաստանցիները դժգոհ են իրենցից:

«Ես ամեն ինչ անում եմ, որ տեղացի հայերին հակառակն ապացուցեմ և որ բոլոր ցանկացողները գան ինձ հետ Հայաստան», - եզրափակեց Հեքիմյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---