25 հունվարի 2005 - 17:16 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ
«Ղարաբաղյան հակամարտությունում ընդգրկված են երկու հայկական կողմ` Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: Քանզի ղարաբաղյան կողմն արհեստականորեն մեկուսացվել է կարգավորման բանակցություններից, ապա գնահատել նրա դիվանագիտական գործունեությունը սխալ կլինի», Ռեգնում.ռու-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մշտական հանդիպումներն օգտակար են, սակայն դրանք ի վիճակի չեն փոխարինել Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցությամբ լիարժեք բանակցային գործընթացը: Պատասխանելով այն հարցին, թե ինչով ադրբեջանական կողմին չի բավարարում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, Ա.Ղուկասյանն անդրադարձել է հակամարտության տարածաշրջանում status quo-ին, ինչը չի բավարարում Ադրբեջանին: Նրա կարծիքով` հատկապես այդ պատճառով են ադրբեջանական իշխանությունները ձգտում խուսափել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների միջնորդությունից, որոնք հանդես են գալիս ի օգուտ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում փոխընդունելի զիջումների անհրաժեշտության եւ հարգանքով են վերաբերվում ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը` չդադարեցնելով շփումները ԼՂՀ իշխանությունների հետ: Շոշափելով ռուս-թուրքական հարաբերությունները, ԼՂՀ նախագահը կարծիք է հայտնել, որ Թուրքիան, որը միանշանակ աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման հարցում, այնուամենայնիվ կփորձի ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի նա ճնշում գործադրի Հայաստանի եւ Լեռային Ղարաբաղի վրա: Խոսելով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում Ստեփանակերտի դիրքորոշման մասին` Ա.Ղուկասյանը նշել է, որ «խոսքը կարող է գնալ միայն միջազգային իրավունքի երկու սուբյեկտների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի հավասարազոր փոխհարաբերությունների մասին: Թեկուզ այն պատճառով, որ ԼՂՀ արդեն ակնառու կերպով ցույց է տվել աշխարհին, որ ժողովրդավարական բարեփոխությունների աստիճանը Ղարաբաղում ավելի բարձր է, քան Ադրբեջանում»: «Ադրբեջանը մեր վզին փաթաթելով դաժան շրջափակումը, այնուհետեւ նաեւ պատերազմը, նույնիսկ չի թաքրցրել եւ չի թաքցնում իր մտադրությունները` ոչնչացնել կամ տեղահանել Ղարաբաղից հայ բնակչությանը: Դժվար թե ինչ որ մեկը իրավունք ունի մեղադրել մեզ այն բանում, որ մենք զենքը ձեռքներիս պաշտպանել ենք մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը», եզրափակել է Ա.Ղուկասյանը: