16 օգոստոսի 2012 - 15:05 AMT
Սամվել Խաչատրյան. Ծանրորդներն Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում ոչ մի խնդիր չեն ունեցել

Օլիմպիական խաղերի անհաջողությունից հետո հայկական լրատվամիջոցներում շատ են քննարկումները, թե ծանրամարտի ֆեդերացիան և մարզչական շտաբը սխալ է աշխատել և պետք է հրաժարական ներկայացնի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ասաց, որ ծանրորդները Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում ոչ մի խնդիր չեն ունեցել, և ուսումնամարզական հավաքներն անցել են ըստ պլանավորվածի:

«Տիգրան Մարտիրոսյաից մենք սպասում էինք ոսկե կամ արծաթե մեդալ: Սակայն վերջին հավաքի ժամանակ` Պոդոլսկում, նա պոկում վարժությունում բարձրացրեց 175կգ, իսկ հրումում` 210 կգ: Նրա նստաներվը բորբոքվել էր, ու մենք նրան ուղարկեցինք Մոսկվա, որտեղ մասնագետները մագնիտային մասաժներ էին նշանակել: Քանի որ մեզ հավաստիացրին, որ նա կկարողանա հասցնել, մենք օգոստոսի 26-ին վերջնական հայտը ներկայացրինք Օլիմպիական խաղեր: Իսկ արդեն երկու օր անց տեղեկացանք, որ մարզիկը շատ վատ վիճակում է ու չի կարողանում շարժվել: Սա էր պատճառը, որ պահեստային ծանրորդ Վանիկ Ավետիսյանին չկարողացանք հայտավորել Տիգրանի փոխարեն»,- բացատրեց Խաչատրյանը:

Առաքել Միրզոյանը, որը զրո ստացավ, ըստ Խաչատրյանի, կարող էր մեդալով վերադառնալ Հայաստան: «Միայն մրցումից հետո նրա հայրը և մարզիչը` Օգսեն Միրզոյանը, ինձ ասաց, որ Առաքելը վերջին օրերին հոգեբանական ինչ-որ խնդիրներ է ունեցել ու ծանրաձողը զգալիս չի եղել: Իսկ թե ինչու նա փոխեղ քաշային կարգը և հանդես եկավ 69 կգ-ում, այդպիսի որոշում կայացրել էր Օգսեն Միրզոյանը, քանի որ գտնում էր, որ այդտեղ մեդալների համար ավելի հեշտ է պայքարելը»,- ավելացրեց նա:

Մելինե Դալուզյանի զրո միավորի մասին էլ այսպիսի բացատրություն տվեց. «Մելինեն պատրաստ էր մեդալով հետ վերադառնալու: Սակայն առաջին մոտեցումից հետո նա իջավ ու ասաց, որ ծանրաձողն իր համար տոննա է ու չի կարողանում բարձրացնել»:

Իսկ Նորայր Վարդանյանից և Արա Խաչատրյանից սպասելիքներն այդքան էլ մեծ չեն եղել:

«Այս Օլիմպիադայից հետո հավաքականում կշարունակեն հանդես գալ Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Նորայր Վարդանյանը, իսկ աղջիկներից` Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Այս մարզիկների հետ մենք հույսեր ենք կապում ու նրանք դեռ կուրախացնեն բոլորիս»,- եզրափակեց Խաչատրյանը: