16 օգոստոսի 2012 - 16:01 AMT
Տրանսպորտի և կապի նախարարը Տավուշում ծանոթացել է միջպետական ճանապարհի վերանորոգման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, որտեղ նրան դիմավորել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական բաժնից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ նախարարը ծանոթացել է Դիլիջանի միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ-ի հատվածում կատարվող շինարարական աշխատանքներին: Ճանապարհը սկսվում է Դիլիջանի թունելից եւ ձգվում մինչեւ քաղաքի կենտրոն:

2003թ-ին «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերականգված ճանապարհը ինտեսիվ երթևեկության, բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում վնասվել էր: 2012թ-ի բնակչության հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել հիմնախնդիրը: Նախագահը ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել առաջարկություններ: Նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ, նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն`օգոստոսի 2-ից սկսվել է 12.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը: Ճանապարհը վերանորոգելու համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 170 միլիոն դրամ:

Դիլիջանի ճանապարհաշինարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման` ծանոթանալու սողանքի հետեւանքով փլուզված հատվածի վերականգնողական աշխատանքներին: Նախարարը ներկա է գտնվել փլուզման վայրում կառուցված հուշարձան աղբյուրին, որը նվիրված է 2011թ-ի հոկտեմբերի 2-ին սողանքի հետևանքով զոհվածների հիշատակին: