16 օգոստոսի 2012 - 17:42 AMT
Լոմոնոսովի հայրենիքի մշակույթը ցուցադրվում է Հայաստանում

Մոսկվայի տանը տեղի ունեցավ Հայաստանում Ռուսական Հյուսիսի օրերի բացման արարողությունը: Միջոցառումն անցկացվում է «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» ծրագրի շրջանակներում: Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ողջույնի խոսքում նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը և ՌՀՄ երևանյան ներկայացուցչությունը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ են իրականացնում այս ծրագիրը: Նրա խոսքով` ծրագիրն ուղղված է Ռուսաստանի հյուսիսային հատվածի և Հայաստանի բնակչության փոխճանաչմանը և այս ձևաչափով առաջին անգամ է իրականացվում:

Ռուսական Հյուսիսի օրերի շրջանակում Մոսկվայի տանը բացվեց ցուցահանդես, որտեղ ցուցադրվում են Արխանգելսկի դպրոցականների հեղինակային աշխատանքները, երկրամասի բնության, պատմության և մշակույթի վերաբերյալ բազմազան գրականություն, ինչպես նաև Արխանգելսկում ծնված մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի կյանքին և գործունեությանը նվիրված գրքեր և ալբոմներ: Ցուցանմուշները ցուցահանդեսի ավարտից հետո կնվիրաբերվեն Մոսկվայի տան գրադարանին:

Ռուսաստանի հայերի միության Արխանգելսկի երկրամասային բաժնի վարչության անդամ Կարապետ Չախալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ծրագիրը բաղկացած է երկու մասից, և առաջին մասը` Հայկական մշակույթի օրերն արդեն կազմակերպվել ու անցկացվել են Արխանգելսկում այս տարվա մայիսին: Հայաստանում Ռուսական Հյուսիսի օրերի բացումը «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» ծրագրի մասն է կազմում, մինչդեռ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները կանցկացվեն մինչև այս տարվա դեկտեմբեր: