Արշակ Պետրոսյան. Հայ շախմատիստները լավ մարզավիճակում են և պատրաստ են Օլիմպիադային

Արշակ Պետրոսյան. Հայ շախմատիստները լավ մարզավիճակում են և պատրաստ են Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում անցկացվելու է հոբելյանական`40-րդ, շախմատային Օլիմպիադան: Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել օգոստոսի 12-ից: Հայ շախմատիստները Ծաղկաձորում մարզվելու են մինչև օգոստոսի 22-ը, այնուհետև մի քանի օր հանգստանալու են և օգոստոսի 26-ին մեկնելու են մրցավայր: «Հավաքին մասնակցում են թիմի բոլոր անդամները, նախապատրաստվում ենք ինչպես միշտ:

Օրական երկու մարզում ենք անցկացնում, առավոտյան շախմատիստները ֆիզիկական պատրաստվածության վրա են աշխատում, իսկ երեկոյան բուն շախմատային պարապմունքն է, որը տևում է 4 ժամ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Ըստ մարզչի, շախմատիստները լավ մարզավիճակում են, և շատ կարևոր է, որ այս տարի բոլորն էլ տարբեր միջազգային մրցաշարերում լավ արդյունքներ են ցույց տվել. «Ամեն ինչ կանենք լավ հանդես գալու համար, սակայն հաջողության հասնելու համար շատ կարևոր է նաև բախտի գործոնը: Շատ ուժեղ հավաքականներ են հանդես գալու, որոնց թվում կարող եմ նշել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ադրբեջանին, Ուկրաինային, Ֆրանսիային, Իսրայելին, նրանք բոլորն էլ թեժ պայքար են ծավալելու հաղթանակի համար»:

Ստամբուլյան Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---