1 փետրվարի 2005 - 22:02 AMT
«ՄԵՐ ՊԱՇԱՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԻՆԸ` ՆԱՎԹՆ Է»,- ԳՏՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի խոսքերով` ԵԽԽՎ-ում Հայաստանը դաշնակից չունի, եւ հաջողությունների ձեռքբերման համար Հայաստանը պետք է ղեկավարվի եվրոպական սկզբունքներով եւ քայլի ժողովրդավարության կառուցման ուղիով: Շ. Քոչարյանի կարծիքով, որը նա հայտնել է «Փակագիծ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ, Ռուսաստանը հաշվեկշիռ քաղաքականություն է վարում հակամարտության կողմերի նկատմամբ եւ չի կարող դիտվել որպես Հայաստանի դաշնակից ԵԽԽՎ շրջանակներում: Այն ժամանակ, երբ Ադրբեջանի գլխավոր պաշարը նավթն է, Հայաստանի պաշարը, պատգամավորի կարծիքով, պետք է լինի ժողովրդավարությունը: Նա նաեւ ընդգծել է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր եւ իշխանամետ անդամները գործել են համատեղ եւ համաձայնեցված: Ըստ Քոչարյանի` պետք չէ ինչ որ բան սպասել ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցով զեկուցողի անձից, պետք է վերլուծել այսօրվա իրավիճակին հասցրած Հայաստանի արտաքին քաղաքականության սխալները: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է վերանայվի: