20 օգոստոսի 2012 - 18:18 AMT
Սիրիական իշխանությունները հերքել են ԱԳՆ ղեկավարին երկրի փոխնախագահ նշանակելու մասին տեղեկատվությունը

Սիրիական տեղեկատվության նախարարությունը հերքել է ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմին երկրի փոխնախագահ նշանակելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մի շարք սիոնիստական և կեղծ արաբական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Մուալեմը Twitter-ի իր էջում գրել է, որ նա նշանակվել է փոխնախագահ Ֆարուք աշ Շարաայի փոխարեն, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է Սիրիայի տեղեկատվության նախարարության հայտարարությունում:

«Մուալեմը չունի իր էջը ոչ Twitter-ում, ոչ մեկ այլ վայրում»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ֆարուք աշ Շարաան տեղափոխվել է Հորդանան` լքելով Բաշար Ասադի կողմնակիցների շարքերը: