21 օգոստոսի 2012 - 12:17 AMT
Վերաքննիչ դատարանը ՀԱԿ ակտիվիստների պաշտպանի բողոքին ծանոթանալուց հետո կնշանակի նիստ

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Պաշտպանը վերաքննիչ բողոքում միջնորդել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ստեփան Ոսկանյանն ասաց, որ դատավորը պետք է ուսումնասիրի բողքը և նշանակի նիստ: Ըստ պաշտպանի ՝ նիստը կնշանակվի առաջիկա 20-25 օրվա ընթացքում, ավելի հավանական է՝ մինչև սեպտեմբերի 10-ը:

Հիշեցնենք, որ դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռով նրանց դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: