21 օգոստոսի 2012 - 17:09 AMT
2012-ի 8 ամիսների ընթացքում Արցախ են այցելել ավելի քան 10 հազար արտասահմանցի զբոսաշրջիկներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տրամադրած տվյալներով` սույն թվականի օգոստոսի 21-ի դրությամբ ԼՂՀ են այցելել 10 հազար 667 արտասահմանցի զբոսաշրջիկներ: Ս.թ. հուլիսին հանրապետություն են այցելել 3 հազար 723 մարդ /2011 թ. հուլիսին` 2 հազ. 165 մարդ/, իսկ օգոստոսի 1-ից մինչև 21-ն ընկածժամանակահատվածում` 3 հազ. 124 մարդ /2011թ. օգոստոսին` 2 հազ. 870 մարդ/:

2012 թվականի առաջին կիսամյակում ԼՂՀ են այցելել 3 հազար 820 արտասահմանյան քաղաքացիներ, ինչը 874-ով կամ 29,6 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Եթե 2011 թվականին 10-հազարերորդ օտարերկրյա այցելուն ԼՂՀ սահմանը հատեց հոկտեմբերին, ապա ընթացիկ տարում` օգոստոսի սկզբին:

Տարեցտարի աճում է Արցախ-Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների հոսքը աշխարհի բոլոր մայրցամաքներից, չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտներին: Պատահական չէ, որ երկրամասն ավելի ու ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային վայրերի վարկանիշներում:

Այստեղ օտարերկրացիներին հրապուրում են պատմական հինավուրց հուշարձանները, ճոխ բնությունը, բնապահպանական առողջ միջավայրը, ինչպես նաև բնակիչների բարյացակամ և հյուրասեր վերաբերմունքը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: