22 օգոստոսի 2012 - 18:09 AMT
Կաթողիկոսն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, վեհափառ Հայրապետը շնորհավորեց տիար Ռեիսիին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում:

Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված կապերին և համագործակցությանը մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ի դեմս դեսպանի, սրտակցություն հայտնեց Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների և բազմաթիվ զոհերի համար: Իր հերթին Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության և ցուցաբերված օգնության համար:

Կաթողիկոսն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին