Պարալիմպիադային նվիրված սեղանի թենիսի մրցաշարում հաղթել են Մարինե Կարապետյանը և Արթուր Գալստյանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին «Միկա» մարզադահլիճում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն անցկացրել են սեղանի թենիսի մրցաշար: Մասնակցել են հայկական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Մրցաշարը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկելիք Պարալիմպիական խաղերին ընդառառ և նպատակ ուներ սպորտի միջոցով հավասար հնարավորություններ քարոզել և ինտեգրել հաշմանդամ մարդկանց հասարակության մեջ:

Կանանց պայքարում հաղթող է դարձել Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա»), 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Զառա Ավագյանն («Առավոտ») ու Վերոնիկա Ավետիսյանը («Հույսի կամուրջ»): Տղամարդկանց մրցաշարում հավասարը չի ունեցել Արթուր Գալստյանը, իսկ Արսեն Թամազյանն («Հանրային հեռուստատեսություն») ու Հմայակ Ավետիսյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ Լոնդոնում մեծ շուքով են անցկացվել Օլիմպիական խաղերը և հիմա հերթը Պարալիմպիական խաղերինն են: «Մեզ համար հսկայական պատիվ էր հյուրընկալել 30-րդ ամառային խաղերը, որոնք ոգեշնչման աղբյուր են դարձել բազմաթիվ մարզիկների համար: Այն մեծապես նպաստել է բրիտանական սպորտի զարգացմանը և բարձրացրել ազգային ոգին: Շատ ուրախ եմ, որ Պարալիմպիադային ընդառաջ Երևանում կայացել է նմանատիպ մրցաշար»,- ասաց Էյվսը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսը, ում Էյվսը հանձնել է Օլիմպիական դրոշակ: «2016 թվականին մենք կաշխատենք Օլիմպիական խաղերը անցկացնել բարձր մակարդակով, ինչպես 2012-ին դրանք անցկացվեցին Լոնդոնում» ,- ընդգծեց նա:

Սեղանի թենիսի մրցաշարի մրցանակակիրներին օգնեցին պարգևատրել Պարալիմպիական խաղերում Հայաստանի երկու մասնակիցները` ծանրորդ Գրետա Վարդանյանն ու լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---