24 օգոստոսի 2012 - 13:02 AMT
Քաղաքագետ. Հայաստանում քաղաքական մրցակցությունը շրջանցում է ՏԻՄ ընտրությունները

«ՏԻՄ ընտրություններում առաջադրումները մեզ մոտ երբեմն տեխնիկական բնույթ ունեն, դրանով է պայմանավորված, որ վերջին պահին ինքնաբացարկների թիվը մեծ է լինում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կերպ բացատրեց քաղաքագետ Արմեն Մինասյանը ՏԻՄ ընտրություներից առաջ ինքնաբացարկների նման «առատությունը»: Քաղաքագետն ասաց, որ արհեստական մրցակցություն ստեղծելու համար շատ հայամնքներում միմյանց դեմ են առաջադրվում ամուսիններ, հայր և դուստր, և բնական է, որ ընտրությունների նախօրեին նրանցից մեկը ինքաբացարկ է հայտնում: ՏԻՄ ընտրություններում արմատական ընդդիմության պասիվությունը քաղաքագետը բացատրեց ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Քաղաքական մրցակցությունը հայաստանում դեռևս շրջանցում է ՏԻՄ ընտրությունները, հենց դրանով է պայմանավորված տարբեր համայնքներում ձևավորված «անհավանական» կոալիցիաները, երբ ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը հանձնում է ՀՀԿ ներկայացուցիչներին և այլն:

Խոսելով նախագահական ընտրությունների վրա ՏԻՄ ընտրությունների ազդեցության մասին, քաղաքագետն ասաց, որ մեր երկրում ՏԻՄ ընտրությունները նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների համար դեռևս ուղիղ ինդիկատոր չեն: